ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի դիրքորոշումը Մոսկվայի համար դառնում է շատ կարևոր

Հայաստանի դիրքորոշումը Մոսկվայի համար դառնում է շատ կարևոր
02.09.2008 | 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ Է ՃՆՇՈՒՄԸ
«Հնգօրյա պատերազմը» Կովկասում այսօր արդեն տեղափոխվում է դիվանագիտական ու քաղաքական հարթություն, և այստեղ գլխավոր զարգացումները դեռ առջևում են։ Դա հասկանում են նաև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, ու նրանցից մի քանիսի համար այսօր ստեղծվել է իրենց գոյության մասին հանրությանը տեղյակ պահելու և արտասահմանյան հովանավորներ գտնելու նոր հնարավորություն։ Սակայն մեծամասնության համար, այնուհանդերձ, ազգային անվտանգության խնդիրները մնում են առաջնահերթ։
Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել այն, որ հիմնական արմատական ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, հայտարարեց մոտակա ժամանակահատվածում բոլոր ակտիվ գործողությունների դադարեցման մասին՝ անթաքույց պայմանավորելով դա տարածաշրջանում ընթացող բարդ գործընթացներով։ Եվ այս իրողությունը, դուր է գալիս որևէ մեկին, թե ոչ, չեզոքացնում է բոլոր այն պնդումները, թե արմատական ընդդիմությունը կառավարվում էր արտաքին ուժերի կողմից, որոնք նրա միջոցով Հայաստան էին փորձում ներմուծել հերթական «գունավոր հեղափոխության» սցենարը։ Հանուն արդարության պետք է ընդունել այս իրողությունը, քանզի քաղաքական տեխնոլոգիաներին և մանիպուլյացիաներին տեղյակ յուրաքանչյուր ոք գիտե՝ եթե երկրում արմատական ընդդիմության քողի տակ ստեղծված է հինգերորդ շարասյուն, ապա նրա գործունեության ամենաակտիվ շրջանը համընկնում է հատկապես այն փուլի հետ, երբ իշխանությունը հայտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Եվ ընդդիմադիր միտինգավորների գոռգոռոցը, որպես կանոն, դառնում է հզոր գործիք աշխարհի հզորների ձեռքին։ Մինչդեռ արմատական ընդդիմությունը հրաժարվում է նման մարտավարությունից, և այս խորապատկերի վրա շատ հետաքրքիր է, որ հատկապես ռուսական վերլուծաբաններն են փորձում, այնուհանդերձ, ամեն կերպ հիմնավորել Հայաստանում ներքին ապակայունացման հնարավորությունը։ Օրինակ, «Ռեգնում» գործակալությունը մասնավորապես նշում է. «Հաջորդ թիրախը Հայաստանն է։ Ըստ շրջանառվող գնահատականների, մարտյան սրացումներից հետո դեռ խելքի չեկած` հանրապետությունում իրավիճակը կարող է կրկին ապակայունանալ սեպտեմբերի սկզբին»։
Հայ հասարակությունը և քաղաքական ուժերը, թերևս, քիչ ավելի ուշ իրենց համար կսկսեն պարզել, թե ինչ է թաքնված «ռազմավարական դաշնակցի» հնչեցրած այս մտահոգությունների հետևում։ Բայց, այնուհանդերձ, հազիվ թե որևէ մեկի համար գաղտնիք է, որ կովկասյան պետությունների ծաղկումն ու զարգացումը երբեք էլ աշխարհակալ տերությունների ղեկավարների մտահոգության առարկան չեն։ Կովկասյան պետությունները, առանց բացառության, հզորների կողմից դիտարկվում են իբրև շախմատի տախտակի զինվորներ, որոնց շատ հեշտությամբ կարելի է զոհել անհրաժեշտ պահին։ Համապատասխանաբար՝ այս երկրների համար էլ առավել քան օրակարգային է հայտնի կարգախոսը, որ «խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է», ուստի Հայաստանի համար նույնքան օրակարգային է դառնում մեկ այլ հայտնի հայկական ասացվածք՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»։
Եվ իսկապես էլ, ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանն ու նրա իշխանությունները համարյա երբեք չեն հայտնվել այսքան բարդ ու հակասական իրավիճակում, երբ կայացվող որոշումներով է պայմանավորված երկրի ապագան, նրա բարեկեցությունն ու հանգստությունը։ Թերևս երբեք իրավիճակը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից և հասարակությունից չի պահանջել համատեղ ջանքերի միավորում, ինչպես այսօր։ Համաշխարհային տերությունների միջև մեր տարածաշրջանում ընթացող «պատերազմում» Հայաստանի դիրքորոշումն այնքան էական է, որ կարող է խանգարել կամ, ընդհակառակը, նպաստել Ռուսաստանի գործողությունների մեխանիկական արգելափակմանը` «սանիտարական միջանցքի» ստեղծման ձևով, ինչի պատճառով Մոսկվան կզրկվի Կենտրոնական Ասիայի ռեսուրսներից։ Ռուսաստանում էլ, անշուշտ, գիտակցում են, որ արևմտյան ճնշումն իրենց հարավային սահմանների երկայնքով ոչ միայն շարունակվելու, այլև ուժգնանալու միտում ունի, բայց դրա արդյունավետությունն ինչ-որ չափով պայմանավորված է լինելու Հայաստանի դիրքորոշմամբ։ Մկանների փոխադարձ ցուցադրության այս երկկողմանի խաղում տարածաշրջանի պետությունների համար յուրօրինակ փորձաքար է դարձել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցը։
Հայաստանում, թերևս, ոչ մեկին պետք չէ բացատրել, թե ինչ լուրջ բարդություններ կան այդ երկու սուբյեկտների անկախության ճանաչման բարոյական կողմի և Վրաստանի հետ հարաբերությունների խզման վտանգի միջև։ Միաժամանակ, այս հարցում ընտրություն կատարելը, ըստ էության, կարող է դառնալ հիմնական կողմնորոշման ընտրություն՝ իր մեջ ներառելով երկրի արտաքին քաղաքականության ուղենիշ-ների արմատական փոփոխություն։ Այդքանով հանդերձ, նկատի ունենանք, որ Կրեմլում տիրող հաղթական էյֆորիան այժմ վերածվում է կայսերապետական ընկալումների սինդրոմի։ Խոսքն այն մասին է, որ նախկին մետրոպոլիան այդպես էլ չի կարողանում իր նախկին նահանգներին իբրև անկախ պետությունների վերաբերվելու ընդունակություն ձեռք բերել։ Պատահական չէ, որ Ռուսաստանի առաջատար լրատվական գործակալություններից մեկը, որը գլխավորում է ԱՊՀ հարցերով հայտնի մասնագետը, նշում է, որ տարածաշրջանում ստեղծվել է նոր իրադրություն, ինչն այդ տարածաշրջանում գտնվող պետություններից պահանջելու է նոր քաղաքականություն, և, չգիտես ինչու, դա հատկապես վերագրում է Հայաստանին։ Իբր Երևանն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է կոմպլեմենտարիզմի վրա, իսկ հիմա տարածաշրջանային ստատուս-քվոն խախտված է, պետությունների միջև չկա նախկին ռազմաքաղաքական հավասարակշռությունը, հետևապես Հայաստանը պետք է ընտրություն կատարի։
Այս կարգի արտաքին «խորհրդատվությունները», ցավոք, անմիջապես իրենց անդրադարձն են գտնում Հայաստանի որոշ քաղաքական ուժերի դիրքորոշման մեջ։ Այսպես, բոլորովին վերջերս ձևավորված «հայրենասիրական կամ կառուցողական ընդդիմադիր միավորումը» հայտարարություն է ընդունել, որը լայնորեն տիրաժավորում են ռուսական ԶԼՄ-ները։ Իսկ այնտեղ մասնավորապես ասված է. «Արևմուտքի կողմից Կոսովոյի, իսկ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո աշխարհում հաստատվել է ազգերի ինքնորոշման իրավունքի լիակատար գերակայություն տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Կուսակցությունները լիահույս են, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր սկզբունքներին և կճանաչի Լեռնային Ղարաբաղն իբրև անկախ պետություն»։ Ըստ որում, «կառուցողական ընդդիմությունը» համոզված է, թե այս գործընթացի ձգձգումը հղի է ռազմական գործողությունների նոր օջախների առաջացման վտանգով։ Թերևս ռուսական ԶԼՄ-ները պատահական չեն նշում. «Բնութագրական է, որ որոշ փորձագետներ հայկական չափավոր ընդդիմադիր միավորումը համարում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագծերից մեկը»։
Սակայն ուշադրության արժանի են ռուսական փորձագետների այլ հոդվածներ ևս։ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը մասնավորապես նշում է. «Հարկ է հասկանալ, որ Ղարաբաղում ռազմական բախման վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ է ունենալու ոչ թե Ռուսաստանի, այլ միայն Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, Ադրբեջանի միլիտարիզացիան շարունակվելու է նաև հետագայում»։
Ըստ «Ռեգնումի» էլ, իբր ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ներառումը Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրների միասնական փաթեթում այլևս անհնարին է։
Սակայն այլ «ինքնահռչակ» հանրապետությունների հետ համադրությունը ԼՂՀ-ի պարագայում ոչ միայն տրամաբանական է և հասկանալի հայ հասարակայնության համար, այլև պետք է դառնա լրջագույն փաստարկ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ։ Գրեթե անկասկած է, որ այն քննարկման թեմա կդառնա սեպտեմբերի 2-ին Սոչիում Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ։ Եվ այս համատեքստում մեծ կարևորություն է ձեռք բերում ռուսական ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությունը, թե Բելառուսում Ռուսաստանի դեսպանը հիշեցրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ Մոսկվան սպասում է Մինսկի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։ Սակայն Բելառուսի ղեկավարը դրա փոխարեն նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով այդ հարցը դարձնել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի քննարկման առարկա։ Սեպտեմբերի 3-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների նիստ, որտեղ ենթադրվում է նաև քննարկում կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։
Ակնհայտ է մեկ հանգամանք, որ Ռուսաստանն առաժմ չի կարողանում դիվանագիտական ճեղքում իրականացնել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցում։ Օրինակ, Բելառուսի նախկին փոխ-արտգործնախարար Անդրեյ Սաննիկովն այս կապակցությամբ նկատել է. «Լուկաշենկոն հիմա փորձում է խուսանավել Ռուսաստանի և Արևմուտքի միջև և այդ պատճառով էլ չի կարող տվյալ հարցում արագ որոշումներ ընդունել։ Մինչդեռ Ռուսաստանը նրանից պահանջում է ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչում, այլև ընդդեմ ԱՄՆ-ի ռազմական սցենարներին մասնակցություն»։ Իր հերթին ղազախստանցի հայտնի փորձագետ Մուրադ Լաումուլինն արձանագրում է, որ Ղազախստանն էլ գնալով ավելի հաճախ է հայտարարում, թե իր տեսակետներն ունի միջազգային իրադրության վերաբերյալ, ինչպես նաև սեփական ազգային շահերն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Սա պատահական չէ։ Դատելով ամեն ինչից, ԱՊՀ երկրների մեծ մասը փորձում է ամրագրել իր չեզոքությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված այս հակամարտության մեջ։ Եթե անգամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գծով Ռուսաստանի գործընկերները չգնացին Սուխումի և Ցխինվալի անկախության ճանաչման, ինչպես նաև Կրեմլը չկարողացավ դա ապահովել ԱՊՀ այլ երկրների պարագայում, Հայաստանի դիրքորոշումը Մոսկվայի համար դառնում է շատ կարևոր։ Թեկուզև դրանով Ռուսաստանը շատ բարդ իրավիճակի մեջ է դնում իր դաշնակիցներին, բայց, ամենայն հավանականությամբ, այլ հնարավորություն չունի։ ՈՒստի և իր նպատակին հասնելու համար մեծացնելու է ճնշումը բոլոր ուղղություններով և միջոցներով։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունները, իսկապես, նախանձելի վիճակում չեն, որովհետև երկիրը հայտնվել է մուրճի և զնդանի միջև։ Եթե հզոր պետություններից մեկն ուժ է կիրառում, ապա մյուսը ցուցադրում է իր հզորությունը։ Մնում է միայն հուսալ, որ մենք բավական փոքր ենք այս խաղում, որպեսզի մեզ թույլ տանք մեծ հիմարություններ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5532

Մեկնաբանություններ